Sunday, May 10, 2015

«ԿԱՆԱՅՔ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» նոր մագիստրոսական ծրագրի հայտարարություն


Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) և Սոցիոլոգիայի ֆակուլտետը հայտարարում են 2015-2017 թթ. ընդունելություն Սոցիոլոգիայի ֆակուլտետում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ երկամյա նոր ծրագրի համար: Ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք կբերեն Սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կողմից:

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում առաջինն է և ներառում է կրթական այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են՝
  • Կանանց համաշխարհային շարժման պատմությունը 19-րդ և 20-րդ դարերում,
  • Մշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն,
  • Կանանց առաջնորդությունը գլոբալացման համատեքստում,
  • Գենդեր և սոցիալական քաղաքականություն,
  • Գենդերային հետազոտությունների մեթոդաբանություն,
  • Կանայք և սոցիալական շարժումները հետխորհրդային ժամանակաշրջանում,
  • Հաղորդակցման գենդերային առանձնահատկությունները,
  • Կանայք, առաջնորդություն, կառավարում,
  • Ռազմավարական կառավարում:

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում դասավանդող դասախոսներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանում կանանց առաջնորդությանն ուղղված գործընթացներին և հետազոտություններին: Դասախոսական կազմի վեց անդամներ 2013-2014 թթ. նաև վերապատրաստվել են Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ) Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետում:

Մագիստրոսական ծրագրի ուսանողներին հնարավորություն կընձեռվի ունենալու մենթորներ և գիտական ղեկավարներ Արիզոնայի պետական համալսարանի Կանանց և գենդերային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից:  Այժմ քննարկման փուլում են ԵՊՀ-ի և ԱՊՀ-ի կողմից համատեղ մշակված առցանց դասընթացներ առաջարկելու և միացյալ կրթական աստիճան ստեղծելու հնարավորությունները, ինչը մագիստրոսական ծրագրի ուսանողներին թույլ կտա ներգրավվել ցանկացած համատեղ առցանց դասընթացում և ստանալ ԱՊՀ-ի հետ միացյալ կրթական աստիճան:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) գործունեության ընթացքում հայերենով թարգմանվել է կանանց, գենդերային, ինչպես նաև առաջնորդական ուսումնասիրությունների ծավալուն գրականություն: Բացի այդ՝ կենտրոնում հասանելի են կրթական մի շարք ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ապագա ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական բարձր պատրաստվածություն: Մագիստրոսական ծրագրի ուսանողները հնրարավորություն կունենան նաև ներգրավվելու Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներին:

Մագիստրոսական ծրագիրը իրականացվում է որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կանանց առաջնորդություն. Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնում» եռամյա ծրագրի արդյունք:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) իրականացնում է հետազոտական, կրթական լայնածավալ գործառույթներ և հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աջակցում է կանանց մասնագիտական 
առաջխաղացմանը:ԵՊՀ ԳՀԱԿ նպատակն է բարձրացնել հայ հասարակությունում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, ուսանողներին ապահովել կանանց և գենդերային ուսումնասիրությունների վերաբերյալ կատարելագործված
դասընթացներով, կազմակերպել կարիերայի զարգացմանը նպաստող սեմինարներ և դասընթացներ, զարգացնել գենդերային հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկումները և որպես հետազոտական կենտրոն՝ ծառայել գենդերային հավասարության ու կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտությունների ու պետական քաղաքականության առաջխաղացմանը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն՝ զանգահարելով 060 710390 կամ գրելով cgls@ysu.am էլ. հասցեին:

Ուսման վարձավճարը 1 տարվա համար կազմում 450 000 ՀՀ դրամ:

2015-2017 թթ. մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են`
Առաջին փուլ` 2015 թ. մայիսի 19-ից հունիսի 4-ը (բակալավրիատի 4-րդ կուրս ավարտած այն ուսանողների համար, ովքեր շարունակում են ուսումը նույն մասնագիտությամբ)
Երկրորդ փուլ` 2015 թ. հունիսի 10-ից հունիսի 25-ը (բաց է բոլորի համար)
Երրորդ փուլ` 2015 թ. հուլիսի 3-ից օգոստոսի 25-ը (բաց է բոլորի համար)

Մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են`
Առաջին փուլի դիմորդների ընդունելությունը կանցկացվի հարցազրույցի հիման վրա: Երկրորդ և երրորդ փուլերի ընդունելությունը ներառում է քննություն և հարցազրույց:
Երկրորդ փուլ` 2015 թ. հունիսի 27-ից հուլիսի 2-ը
Երրորդ փուլ` 2015 թ. սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 5-ը: 

Մագիստրատուրայի ընդունելության և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար դիմել՝
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին:

No comments:

Post a Comment