2014 թվականի նոյեմբերի 7-ին Գենդերային հետազոտությունների և
առաջնորդության ԵՊՀ կենտրոնը մենթորային ծրագրի շրջանակներում կազմակերպել էր
հանդիպում “Արդյունավետ ինքնաներկայացման սկզբունքները” թեմայով: Հանդիպման
բանախոսը սոց.գիտ.թեկն., ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, “Հասարակայնության հետ կապեր” մագիստրոսական ծրագրի ղեկավար, Վ.Բրյուսովի անվ.ԵՊԼՀ Տեղեկատվության և Հանրային հաղորդակցության ամբիոնի ղեկավար Նվարդ Մելքոնյանն էր: Ն. Մելքոնյանը նաև ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող Հեռաուսուցման լաբորատորիայի “PR և մարքեթինգային հաղորդակցություններ” ծրագրի համակարգող, SPRING PR ընկերության համահիմնադիր-նախագահ, ինչպես նաև հանդիսանում է բազմաթիվ գիտական հոդվածների և մասնագիտական ուսումնական ձեռնարկների հեղինակ:
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնում է ինքնաներկայացման և սեփական
իմիջի կառուցման հնարավոր տարբերակները: “Իր էությամբ իմիջը հաղորդագրություն է` մեսիջ, այն մասին, թե ինչ ենք մենք հայտնում կամ ինչ ենք մենք ցանկանում հայտնել մարդկանց մեր մասին: Եթե մենք ինքներս և նպատակաուղղված ձևով ենք կազմակերպում այդ հաղորդակցությունը, ապա կարող ենք կառավարել մարդկանց տպավորությունները մեր մասին, կարող ենք ազդել նրանց վրա, ուղղորդել նրանց վերաբերմունքը, հասնել մեր բաղձալի նպատակներին”,- նշեց հանդիպման բանախոսը:
Ն. Մելքոնյանի խոսքերով մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած բնագավառում մասնագիտական հաջողության հասնելու կարևոր երաշխիքներից մեկն է արդյունավետ իմիջ ունենալը: Անհատների, քաղաքական առաջնորդների, բիզնես ձեռնարկությունների և ապրանքների հետ հարաբերվելիս մենք, նախ և առաջ, ընկալում և ընդունում ենք այն իմիջը, որով նրանք հանդես են գալիս, և հետո միայն բացահայտում այն անհատականն ու յուրահատուկը, որի ներդաշնակ համադրումից էլ ձևավորվում է այդ իմիջը:
No comments:
Post a Comment