Wednesday, June 12, 2013

Գենդերային անհավասարությունը աշխատաշուկայում. հիմնախնդիրները և լուծումները լոկալ և գլոբալ համատեքստերում

Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) կազմակերպում է իր առաջին միջազգային գիտաժողովը` «Գենդերային անհավասարությունը աշխատաշուկայում. հիմնախնդիրները և լուծումները լոկալ և գլոբալ համատեքստերում» խորագրով:
Գենդերային անհավասարությունները աշխատաշուկայում և դրանից բխող կանանց աղքատությունը համաշխարհային հիմնախնդիրներ են: Կանանց եկամուտները շարունակում են կազմել տղամարդկանց եկամտի երկու երրորդը, և «աղքատության ֆեմինիզացիան» համընդհանուր սոցիալական և տնտեսական հիմնախնդիր է դառնում գրեթե բոլոր տարածաշրջաններում, մասնավորապես զարգացող երկրներում ու գյուղական վայրերում:
Ըստ ՄԱԿի կանանց հարցերով զբաղվող կազմակերպության տվյալների` վերջին քսան տարիների ընթացքում գյուղական շրջաններում բացարձակ աղքատության մեջ ապրող կանանց թիվն աճել է 50%–ով: Միևնույն ժամանակ կանանց աշխատանքը աշխարհի գրեթե բոլոր երկրներում չի ընդունվում, ըստ այդմ` նաև համապատասխան գնահատականի չի արժանանում: Ինչպես ՄԱԿի կանանց հարցերով զբաղվող կազմակերպության դիտարկումներն են ցույց տալիս, կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց վաստակի 50%–ից փոքրինչ ավելին: Կանանց համար  բավարար չափով հասանելի չեն նաև կրթության և աջակցության ոլորտի բազմաթիվ ծառայություններ: Բացի դրանից` ընտանիքում ու հասարակական կյանքում կանանց մասնակցությունը որոշումների կայացման հարցում «մինիմալիզացված է»:
Այսպիսով` կանանց ներդրումը ընտանիքի տնտեսվարության մեջ շարունակում է մնալ չարժևորված,  քանի որ նույն գնահատականը չի տրվում նրանց տնային աշխատանքին, ինչպես դա արվում է վարձատրվող աշխատանքի դեպքում: Մինչդեռ, եթե այդ նույն չվարձատրվող աշխատանքը ներառվի տնտեսական արտադրությունը չափող վիճակագրության մեջ, համաշխարհային տնտեսությունը կաճի մոտավորապես 11 տրիլիոն դոլլարով:
Չնայած նրան, որ կանանց համար գենդերային անհավասարությունները և դրանից բխող հետևանքները (համապատասխան սոցիալական պաշտպանության և այլ անհրաժեշտ գործոնների բացակայությունըընտանեկան բռնությունները, թրաֆիկինգըառողջական խնդիրները և այլն) համաշխարհային հիմնախնդիրներ են, աշխատաշուկայում կանանց վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունը և պրակտիկ գործողությունները ոչ բավարար չափով են իրագործվում: Նեոլիբերալ բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են բոլոր ոլորտներում զարգացնելու գենդերային հավասարության ապահովման քաղաքականությունները, ձախողվում են` փոխարենը հաճախ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստելով գենդերային բևեռացմանը:
Գենդերային սեգրեգացիան աշխատաշուկայում Հայաստանի ամենակարևոր հիմնախնդիրներից է: 2011 թ. տղամարդկանց 51%–ը և կանանց 49%–ը տնտեսապես ակտիվ են եղել աշխատաշուկայում: Կանայք բավարար չափով ներկայացված չեն եղել տնտեսության բոլոր ոլորտներում` բացառությամբ կրթության (82%), առողջապահության և սոցիալական աշխատանքի ոլորտների (82%):
Ըստ սեռերի բաշխվածության` 2011 թ. տղամարդկանց ամսական մաքուր եկամուտը եղել է 185 եվրո (93 936 դրամ), իսկ կանանց եկամուտը՝ 115 եվրո (59 061 դրամ):
35–39 տարեկան կանանց շրջանում գործազրկության ամենաբարձր ցուցանիշը կազմում է (22.7), նույն տարիքի տղամարդկան մոտ` (16.1): Կանանց և տղամարդկանց գործազրկության պատճառները բավականին տարբեր են: 2011թ.–ին  աշխատատեղերի կրճատման (66%  կանայք և 44% տղամարդիկ) և  ընտանեկան հանգամանքների պատճառով (12% կանայք և միայն 1% տղամարդիկ) ավելի շատ կանայք, քան տղամարդիկ են կորցրել իրենց աշխատանքը: Հոկտեմբերի 7–ին կայանալիք գիտաժողովը ամենից առաջ շեշտադրելու է գենդերային անհավասարությունների պատճառներն ու հանգամանքները հայկական, ինչպես նաև առհասարակ համաշխարհային աշխատաշուկայում:
Գիտաժողովը տեղի կունենա 2013թ.–ի հոկտեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանում (Ալեք Մանուկյան 1, Պալյանների դահլիճ):
Գիտաժողովի նյութերը  կարող են լինել հետևյալ թեմաներով`
·         Կանայք և տղամարդիկ որպես աշխատուժ.
·         Գենդերային սեգրեգացիան և խոչընդոտները աշխատաշուկայում.
·         Վարձատրության գենդերային ճեղքվածքը.
·         Կանանց չվարձատրվող աշխատանքը.
·         Աղքատության ֆեմինիզացիան.
·         Գործազրկության և ոչ լրիվ զբաղվածության գենդերային ասպեկտները.
·         Միգրացիան և գենդերային դերերի փոփոխությունները աշխատաշուկայում.
·         Հավասարակշռված աշխատանքը և ընտանեկան պարտականությունները.
·         Աշխատաշուկայում գենդերային հավասարություններին ուղղված քաղաքականությունները և պրակտիկաները:
                   
Ելույթների տեսա–մեթոդաբանական հիմքերն ու հիմնական արդյունքները նկարագրող համառոտ շարադրանքը (մինչև 500 բառ), ինչպես նաև համառոտ ինքնակենսագրությունը` հայերեն կամ անգլերեն, կարող եք ուղարկել մինչև 2013թ. օգոստոսի 1-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով` genderlead@yahoo.com:
Ներկայացված ելույթները կտպագրվեն ԳՀԱԿ–ի կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն (հասցե` Ալեք Մանուկյան 1, 436 սենյակ, հեռ. ` (37410) 57 06 73, էլ. հասցե`   genderlead@yahoo.com):

No comments:

Post a Comment